Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձը Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնի առթիվ
08.10.2025
Հարգելի՛ քննիչներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Հայաստանում հանցագործությունների բացահայտմանն ուղղված ձեր ջանքերը անքննելի են, և բազմաթիվ են օրինակները, երբ ձեր մասնագիտական բարձր գիտելիքների կիրառման արդյունքում կարողացել եք ոչ միայն բացահայտել, այլև կանխարգելել նոր հանցագործություններ։
Իմ համոզմամբ՝ քննիչի աշխատանքը ոչ միայն իրավական գիտելիքների ու փորձի մասին է, այլ նաև ստեղծագործական մտքի, որպեսզի կարողանա մեկ կամ մի քանի քայլ առաջ գործողություններ իրականացնել՝ կանխարգելելու ենթադրյալ հանցագործների քննությունից թաքնվելու ջանքերը։
Անկախ քննչական մարմնի ստեղծումն առանձնահատուկ կարևոր էր մեր պետության և հասարակության համար, և իրավապահ համակարգում քննչական օղակը կարևոր դերակատարություն ունի։ Այն պետք է զարգանա ու օրինակելի դառնա ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան գործընկերների համար։ Ձեր կատարած աշխատանքով է նաև նվազում հանցագործությունների թիվը Հայաստանում։
Վստահ եմ, որ մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, սկզբունքայնությունը և անաչառությունը կօգնեն ձեզ հասնելու այդ նպատակին։
Թող հասարակությունը երբեք ձեր բացահայտած քրեական վարույթներում անարդարության զգացում չունենա, թող ապրենք բարձր իրավագիտակցության իրականության մեջ և կարողանանք ապահովել մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ավելի ամուր ու երկարատև։
Բոլորիս խաղաղ երկինք ու հարատևություն։


