Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արամվիր և Մայիսյան բնակավայրերի ճանապարհաշինարարական հրապարակներ
26.11.2025
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը և խորհրդական Խաչատուր Մկրտչյանն աշխատանքային այց են կատարել Արմավիր համայնքի Մայիսյան և Արմավիր բնակավայրեր՝ հետևելու իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին:
Տ3-8՝ Մ 5-Ծառաշեն հատվածի Մայիսյան գյուղի սկզբնամասում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով իրականացվում է շուրջ 800 մետր տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմում է 88.7 մլն ՀՀ դրամ:
Արմավիր քաղաքում ընթանում են «Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենքի՝ շուրջ 1100 գծամետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 242.8 մլն դրամ է, որից 35%-ը կֆինանսավորվի կառավարության կողմից, իսկ 65%-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ:
Վահրամ Խաչատրյանը շրջեց շինհրապարակներում, ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկեցին աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման հարցեր:





