Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31.12.2025
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն և հավատ վաղվա օրվա հանդեպ։
Անցնող տարին մեզանից յուրաքանչյուրի համար դարձավ դիմացկունության, համբերության և պատասխանատվության փորձություն։ Մենք բոլորս վերարժևորում ենք այն, ինչ ձեռք ենք բերել տարվա ընթացքում և ավելի ուժեղ լարում մեր միտքն ու կամքը, որպեսզի գալիք տարում հասնենք մեր սահմանած նոր նշաձողերին։
Յուրաքանչյուրիս մտքում կան երազանքներ ու նպատակներ և դրանց իրականացման սեփական ճանապարհները։ Սակայն այդ ճանապարհները խաչվում են հայրենիքի հավիտենականության գաղափարի հետ։ Այն խրթին է, երբեմն՝ դժվարանցանելի, բայց վստահ կարող եմ ասել՝ մենք բոլորս յուրովի ենք տեսնում և գիտակցում մեր անձնական ներդրումը այդ ճանապարհի հաղթահարման գործում։
Միասնության, համագործակցության և փոխադարձ հարգանքի շնորհիվ
Արմավիրի մարզում արձանագրվեցին էական առաջընթացներ՝ ասֆալտապատված ճանապարհներ, կառուցված ու վերանորոգված դպրոցներ, նոր ենթակառուցվածքներ, բարելավված սոցիալական միջավայր։ Թվարկումը կարող է երկար լինել, սակայն կարևորն այն է, որ կատարված աշխատանքները ոչ թե եզրափակում են ընթացքը, այլ ամուր հիմք են ստեղծում նոր նախաձեռնությունների և երկարաժամկետ ծրագրերի համար։
Դեպի 2026 թվական մենք քայլում ենք նոր անելիքներով, նոր ոլորտներում ներգրավվածությամբ և նոր բարձունքներ հաղթահարելու վճռականությամբ։ Վստահ եմ, որ հասարակական համերաշխության պայմաններում մենք կկարողանանք դիմագրավել գալիք տարվա մարտահրավերներն ու արձանագրել նոր հաջողություններ՝ հանուն մեր մարզի զարգացման և խաղաղ ապագայի։
Մեր նպատակը պարզ է և հստակ՝ կառուցել անվտանգ, կայուն և զարգացման հնարավորություն ընձեռող միջավայր՝ յուրաքանչյուր քաղաքացու համար։
Եվ ուրեմն` թող Ամանորն ու Սուրբ Ծնունդը յուրաքանչյուր օջախ բերեն ջերմություն, հավատ ու լավատեսություն, իսկ մեր սրտերում առավել զորանա պատասխանատվությունը երկրի և միմյանց նկատմամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով առողջություն, խաղաղ կյանք, բարեկեցություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
Աստված մեզ հետ։


