Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին

06.04.2026

Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Անահիտ Մանասյանին։ Հանդիպմանը մասնակցել են ինչպես մարզպետի աշխատակազմի, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթ խնդիրները, սոցիալ-տնտեսական մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հնարավոր համակարգային մոտեցումները։

Կողմերը կարևորել են երկարաժամկետ և համակարգված քաղաքականությունների իրականացումը՝ ուղղված բնակիչների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և սոցիալական արդարության ամրապնդմանը։

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ խմելու ջրի հասանելիությանը և որակին, միջհամայնքային տրանսպորտի խնդիրներին, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Մասնավորապես ընդգծվել է եզդիական համայնքում վաղ ամուսնությունների կանխարգելման, կրթության իրավունքի լիարժեք ապահովման, ինչպես նաև կառավարման համակարգում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ իրավունքներին առնչվող խնդիրները ժամանակին արձագանքելու և համակարգային լուծումներ ապահովելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության պատրաստակամությունը՝ կարևորելով համատեղ աշխատանքը մարզում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 15:12:59