Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում իրականացվել են առողջապահական և ենթակառուցվածքային կարևոր բարելավումներ
29.04.2026
ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում, Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների ապահովմանը։
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվել և վերազինվել է Հայթաղի ամբուլատորիան։ Այն համալրվել է բարելավված ենթակառուցվածքներով, ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև արևային էներգիայով աշխատող համակարգերով՝ ապահովելով հասանելի, արդյունավետ և կլիմայակայուն առողջապահական ծառայություններ։ Ներկայումս ամբուլատորիան սպասարկում է շուրջ 2,740 շահառուի, այդ թվում՝ 60 փախստականի և 70 հաշմանդամություն ունեցող անձի՝ ապահովելով ներառական ծառայությունների մատուցում։
Միաժամանակ, համայնքում կառուցվել է նոր՝ 450 քմ մակերեսով ապաստարան՝ հիմնովին վերանորոգելով նախկին նկուղային տարածքը։ Կատարված աշխատանքների արդյունքում ապահովվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ կառուցվել է խոհանոց, իրականացվել է հատակի համապատասխան հարդարում, տեղադրվել է ջեռուցման համակարգ և իրականացվել է ամբողջական կահավորում։
Արդիականացված ապաստարանն այժմ ծառայում է որպես անվտանգ և պատշաճ պայմաններով ապահովված միջավայր՝ արտակարգ իրավիճակների դեպքում համայնքի բնակիչների համար։
Ծրագրի շրջանակում տեղադրվել են նաև հիբրիդային արևային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս գործել ինչպես ցանցին միացված, այնպես էլ ինքնավար ռեժիմով։ Դրանք ապահովում են կենսական նշանակության էներգետիկ կարիքներ՝ հատկապես արտակարգ իրավիճակներում և հոսանքի անջատումների ժամանակ՝ նպաստելով լուսավորության և կապի անխափան ապահովմանը։
Իրականացված ծրագրերին տեղում ծանոթացել են ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին և ՏԿԵՆ ներկայացուցիչ Աշոտ Գիլոյանը, շահառուներ։
Մանրամասները՝ տեսանյութում ► https://www.facebook.com/share/r/1DW69UZQwc/








