Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.09.2026
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ և կրթության ոլորտի նվիրյալներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա մեկնարկ չէ։ Այն գիտելիքի ճանապարհի ևս մեկ սկիզբ է՝ ճանապարհ, որի յուրաքանչյուր քայլ ձևավորում է մարդու մտածողությունը, արժեքները, աշխարհայացքն ու ապագան։
Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց համար դպրոցական առաջին օրը դառնում է բացահայտումների, նոր ընկերությունների և մեծ երազանքների սկիզբ։
Ջերմորեն շնորհավորում եմ նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված մեր երիտասարդներին, ովքեր իրենց կրթական ճանապարհի նոր ու կարևոր փուլն են սկսում։
Հարգելի՛ մանկավարժներ,
Կրթությունը պետության ամենակարևոր ներդրումն է իր վաղվա օրվա համար։
Դպրոցում և ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքն ու ձևավորված արժեհամակարգն են կերտում պատասխանատու քաղաքացուն, բանիմաց մասնագետին և պետականության նվիրյալին։
Եվ ուրեմն` կրթության որակը մեր երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն նախապայմաններից է։
Վստահ եմ՝ միասնական ջանքերով մենք կարող ենք ձևավորել սերունդ, որը ոչ միայն գիտելիք կստանա, այլև կկարողանա մտածել, ստեղծել, պատասխանատվություն ստանձնել և իր գիտելիքը ծառայեցնել Հայաստանի առաջընթացին։
Թող նոր ուսումնական տարին լինի գիտելիքի, ձեռքբերումների և նոր հնարավորությունների տարի։
Շնորհավոր Գիտելիքի, գրի և դպրության օրը։


