Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրը COP17-ի Կանաչ գոտում․ երբ բնությունը դառնում է ապրելակերպ
26.10.2026
Հոկտեմբերի 19-25-ը Արմավիրի մարզի տաղավարը COP17-ի Կանաչ գոտու ամենամարդաշատ և սիրված կանգառներից էր։
Տաղավարի աշխատանքները կազմակերպել և համակարգել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը։ Մեկ գաղափարի շուրջ համախմբվել են մարզի բոլոր համայնքները՝ ներկայացնելով բնության, մարդու և ստեղծարար աշխատանքի ներդաշնակ համադրությունը։
Ամփոփելով շաբաթվա աշխատանքը՝ այցելուներին ներկայացվեց Արմավիրը՝ իր գույներով, համերով, ավանդույթներով և ստեղծարար ներուժով։
Մշակույթ՝ ծնված բնությունից
Նկարիչներ Շահեն Օրդուբեկյանի և Ներսես Մելիքյանի ստեղծագործությունները, մշակույթի տների և արվեստի դպրոցների սաների աշխատանքները, Հովհաննես Խաչատրյանի փայտարվեստի բացառիկ նմուշները, ինչպես նաև գորգագործության և խեցեգործության աշխատանքները ներկայացրին մարզի մշակութային հարուստ ժառանգությունը։
Մեր հողի համն ու բույրը
Տաղավարում ներկայացված էին արևի ջերմությամբ պարուրված չրեր և մուրաբաներ, «Մռով» մեղր, հայկական գինիներ՝ Jraghatspanyan Winery-ից և Bambakashat Wine Factory-ից, Mixella, Sun Cheers և Sun Story ապրանքանիշերի բնական չրեր, համեմունքներ, ամարանտով թեյ, ավանդական գաթա, Վանանդի նուշ, թարմ բանջարեղեն և բոլորին հայտնի Գեղակերտի ելակ։
Բնության հետ ներդաշնակ արտադրանք
«Քուշեն» ապրանքանիշի՝ լյուֆա բույսից պատրաստված բնական խնամքի պարագաները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է բնության պարգևները վերածել օգտակար և էկոլոգիապես գիտակցված արտադրանքի։
Կրթություն՝ հանուն բնության
Տաղավարի ամենօրյա ծրագրի կարևոր բաղադրիչը մարզի դպրոցականների մասնակցությունն էր։ Աշակերտները ներկայացրին կենսաբազմազանության պահպանմանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաներ։
Արազափի Թ. Հուրյանի անվան դպրոց՝ «Որդան կարմիր»,
Արաքսի Զ. Ավետիսյանի անվան դպրոց՝ «Մեղվաբուծություն»,
Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան դպրոց՝ «Ջրի խնայողություն»,
Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց՝ «Ջրի և էներգիայի խնայողություն» և «Թափոնների տեսակավորում»,
«Մեծամոր երիտասարդ դեսպաններ» նախաձեռնություն՝ «Արմավիրի կենդանի քարտեզը»։
Տաղավարի մթնոլորտն ամբողջացրին ժողովրդական երգն ու պարը։ Հոկտեմբերի 25-ին այցելուների համար ելույթ ունեցավ երգիչ Արսեն Զաքարյանը։
Հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի տաղավար այցելեց COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նա ծանոթացավ ներկայացված արտադրանքին, մարզի ձեռքբերումներին և ներուժին։
Բնությանը համահունչ ապրելակերպը սկսվում է գիտակցված ընտրությունից և շարունակվում ամենօրյա աշխատանքով։
Արմավիրի մարզի տաղավարում ներկայացվածը ոչ միայն մեր արտադրանքն ու ավանդույթներն էին, այլև մարզի զբոսաշրջային գրավչությունը, համայնքների ստեղծարար ներուժն ու բնապահպանական պատասխանատվությունը։
Այն, ինչ այցելուները բացահայտեցին Կանաչ գոտում, կարող են տեսնել և զգալ նաև հենց Արմավիրի մարզի համայնքներում ու բնակավայրերում։
Տաղավարի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Սիրով հրավիրում ենք բոլորին այցելելու COP17-ի Կանաչ գոտում գործող Արմավիրի մարզի տաղավար և բացահայտելու մեր մարզի բնությունը, մշակույթն ու համերը։








