Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Դավիթ Խուդաթյան

Դավիթ Խուդաթյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (0237) 2 37 16

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
03 օգոստոս, 1991 թ., Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք

Կրթություն
• 1998-2008 թթ. սովորել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
• 2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի՝ Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
•2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։
•2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։
•2018 թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։
•Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
•2018 թ. հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
•2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար:
• 11.01.2024թ. ՀՀ կառավարության 42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ:

Այլ տվյալներ
• 2009-2011 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Կուսակցական պատկանելություն
• «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Անձնական տվյալներ
• Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

Գործառույթներ / իրավասություններ

Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (160-րդ հոդված, մաս 1-ին, մաս 2-րդ), «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով։

Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:


Մարզպետը`
1. Սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
2. Պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.
3. Լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
4. Համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
5. Սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6. Սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7. Ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.
8. Պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9. Միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10. Սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
11. Իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.
12. Իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը` վերջինիս դիմելու դեպքում:

• Մարզպետն ընդունում է որոշումներ
• Մարզպետի կատարած աշխատանքները ենթակա են գնահատման
• Մարզպետի կատարած աշխատանքների գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը
• Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը,
• Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիության պահանջները,
• Մարզպետն իր իրավասության սահմաններում տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում իրականացնում է իր աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով` ապահովելով մարզային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների կատարումը:

 

Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ հիմնական բնագավառներում`
1. ֆինանսների.
2. քաղաքաշինության.
3. տրանսպորտի և ճանապարհաշինության.
4. գյուղատնտեսության և հողօգտագործման.
5. կրթության.
6. առողջապահության.
7. սոցիալական պաշտպանության.
8. մշակույթի, սպորտի և երիտասարդության.
9. շրջակա միջավայրի պահպանության.
10. պաշտպանության.
11. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.
12. տնտեսության զարգացման:

Մարզպետը ֆինանսների բնագավառում`
1. Սահմանված կարգով մշակում և լիազորված մարմնի միջոցով Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
2. Վերահսկում է պետական բյուջեով մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը.
3. Սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը.
4. Մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:

Մարզպետը քաղաքաշինության բնագավառում`
1. Լիազորված մարմնի միջոցով սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
2. Հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.
3. Մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.
4. Սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.
5. Կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում:

Մարզպետը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում`
1) Կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.
2) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.
3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մարզպետը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
2. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
3. Մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
4. Մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
5. Իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մարզպետը կրթության բնագավառում`
1. Մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր.
2. Կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը.
3. Ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4. Իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.

Մարզպետը առողջապահության բնագավառում`
1. Իրագործում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, ինչպես նաև ապահովում է արդյունավետ բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
2. Կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.
3. Կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4. Որոշում է մարզի տարածքում զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու հարցերը.
5. Մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
6. Իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`
1. Ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.
2. Ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
3. Ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4. Իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մարզպետը մշակույթի և սպորտի բնագավառներում`
1. Կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաև մարզային մշակութային և սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2. Մասնակցում է մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում.
3. Իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
4. Ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
5. Իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`
1. Մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:

Մարզպետը պաշտպանության կազմակերպման բնագավառում`
1. Տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը.
2. Իրականացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ.
3. Մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին.
4. Իրականացնում է իր աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.
5. Համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը.
6. Մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին:

Մարզպետը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում`
1. Կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
2. Մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
3. Բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
4. Իր իրավասության սահմաններում հանձնարարականներ է տալիս մարզում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին.
5. Հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները:

Մարզպետը տնտեսության զարգացման բնագավառում`
1. Տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը.
2. Ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.
3. Ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.
4. Ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.
5. Իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելը:

Մարզպետին կից խորհրդակցական մարմինները
1. Մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունը արդյունավետ իրագործելու նպատակով մարզպետը կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ.
2. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28