Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեցին մարզի նախադպրոցական հիմնարկների սանիտարահակահամաճարակային ռեժիմի ուսումնասիրության արդյունքները
15.07.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին հրավիրված խորհրդակցությանը ամփոփվեցին մարզի Ալաշկերտ համայնքի և Արմավիր քաղաքի թիվ 6, 9 մանկապարտեզներում արձանագրված աղիքային խմբի հիվանդությունների դեպքերի առնչությամբ մարզպետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից մարզում գործող նախադպրոցական հիմնարկների սանիտարահակահամաճարակային ռեժիմի ուսումնասիրության արդյունքները:Խորհրդակցությանը ներկա էին քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները, ոլորտը համակարգող պաշոնյաներ և պատասխանատու այլ անձինք:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին զեկուցվեց, որ մարզում գործող 62 նախադպրոցական հաստատություններ են հաճախում 3-6 տարեկան 5043 երեխաներ: Քաղաքային բոլոր և գյուղական մանկապարտեզների 80 տոկոսը տեղակայված են տիպային շենքերում, որոնք վերջին 10 տարիների ընթացքում չեն ենթարկվել կապիտալ վերանորոգման: Որոշ տեղերում կատարվել է մասնակի և կոսմետիկ վերանորոգում: Իսկ չվերանորոգված շենքերը գտնվում են անմխիթար վիճակում:
Նշվեց, որ ուսումնասիրված մանկապարտեզները հիմնականում ապահովված են հոսող սառը ջրով, իսկ քաղաքային և գյուղական որոշ մանկապարտեզների խոհանոցներն ապահովված են նաև հոսող տաք ջրով՝ տաքացուցիչ սարքերի միջոցով:
Տեղեկացվեց նաև, որ ուսումնասիրությունների ընթացքւմ Արմավիր քաղաքի թվով 12 մանկապարտեզների խոհանոցներում և ամանեղենի լվացման բաժնում լուծվել է հոսող տաք ջրի հարցը, առանձնացվել են լվացքի սենյակներ, սպասքի լվացման բաժիններ: Հատկացվել են երկտեղանոց լվացման վաննաներ, լվացքի մեքենաներ, սննդամթերքի պահպանման երկխցիկ սառնարաններ: Իսկ մարզպետարանում կազմակերպված սեմինար խորհրդակցությունից հետո մանկապարտեզների մեծ մասում առանձնացվել են սննդամթերքի պահպանման սենյակներ, ձեռք են բերվել սննդամթերքի մշակման սեղաններ, տախտակներ, դանակներ:
Որպես ամփոփում՝ նշվեց, որ իրականացված աշխատանքների արդյունքում մանկապարտեզներում զգալի չափով բարելավվել է սանիտարահամաճարակային ռեժիմը, սակայն դեռևս այն լիարժեք չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2002թ. թիվ 857 հրամանով հաստատված նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Հիմք ընդունելով մարզի նախադպրոցական հիմնարկների սանիտարահակահամաճարակային ռեժիմի ուսումնասիրության արդյունքում արձանագրված փաստերը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կոչ արեց համայնքապետերին միջոցներ ձեռնարկել մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու նպատակով: Նա միժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից թվով 8-ը մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է 4-ական մլն դրամ: