Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շարունակում է ծանոթանալ բերքահավաքի ընթացքին
04.08.2015
ՀՀ Արմավիրի մարզետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններ` ծանոթանալու բերքահավաքի ընթացքին: Մարզպետը եղավ կարտոֆիլի, լոլիկի, սոխի ցանքատարածություններում, ինչպես նաև խաղողի և պտղի այգիներում:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հողատերերից հետաքրքրվեց ստացված բերքի և իրացման հետ կապված հարցերով: Նրանք մեծ գոհունակություն հայտնեցին առկա բերքից` միաժամանակ վստահեցնելով, որ իրացման, ինչպես նաև ընթացիկ խնդիրներ մինչ այժմ չեն ունեցել:
Մարզպետն էլ իր հերթին փաստեց, որ գյուղացիական տնտեսություններն այս տարի լավ բերք են մշակել և նախնական տվյալներով մարզում կարտադրվի 46-48 հազար տոննա կարտոֆիլ, 30-35 հազար տոննա սոխ, 80-100 հազար տոննա լոլիկ, շուրջ 120 հազար տոննա խաղող և 85-100 հազար տոննա պտուղ:
Մասնավորապես անդրադառնալով լոլիկի բերքահավաքին` նա նշեց, որ մթերող խոշոր կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ գյուղացին լոլիկի իրացման խնդիր չի ունենա և մեկ կիլոգրամը կմթերվի 40 դրամով: