Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին
16.12.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Հովիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է նորակառույց մասնաշենքերով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված ՔԿՀ-ի պայմաններին:
Ամբողջությամբ ավարտին են հասցվել «Արմավիր» ՔԿՀ-ի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, կարանտինի, պատժախցերի և հիվանդանոցի մնացած հատվածները: Հիմնարկի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015 թվականներին. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009թթ. և 2009-2015թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը: Ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված 23 պատժախուց, գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ:
Աղբյուր` www.gov.am