Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը
01.03.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը ներկայացվեց Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը:
Խորհրդակցությանը ներկա էին Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև բնապահպանության փոխնախարարներ Կարեն Իսախանյանը, Խաչիկ Հակոբյանը, մարզպետարանը ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, տարբեր ոլորտների պատասխանատուներ:
Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ 2014 թվականի հունվար ամսին նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՉՀ Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի միջև ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը բարեկամական կապեր են հաստատել կառավարման, տնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի բնագավառներում` փոխհամագործակցությունը զարգացնելու նպատակով: Վերջին երեք տարիների ընթացքում, մարզպետի խոսքով, եղել են փախայցելություններ, իրականացվել են համատեղ ձեռնարկներ, և հիմք է նախապատրաստվել նմանատիպ մեծ ծրագրի իրագործման համար:
Արմավիր քաղաքում 65 միլիոն եվրո վարկային ծրագրի շրջանակներում աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը վերաբերող մանրամասները ներկայացրեց հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը` նշելով, որ գործարանը և ջերմոցային տնտեսությունը նախատեսվում է կառուցել առաջիկա 1-2 տարիների ընթացքում` երեք փուլով: Առաջին փուլը, ըստ նրա, կմեկնարկի մայիս ամսին: Այդ շրջանում մարզ կբերվի 22 հազար աղբախցիկ և կտեղակայվի բնակելի վայրերում, ապա կգործարկվի աղբը տարանջատող, զտող հոսքագիծը: Երկրորդ փուլում նախատեսվում է բիոգազի արտադրության կազմակերպում, իսկ երրորդ փուլում` ջերմամշակում ապահովող գործարանի կառուցում:
Բրանիսլավ Օտտի խոսքով` ծրագրի շրջանակում ամբողջական վերամշակման կենթարկվի տեխնիկական, շինարարական, հետագայում նաև վտանգավոր համարվող աղբը, որի արդյունքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի, յուղի արտադրություն: Էլեկտրաէներգիան ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, ավելացած մասն էլ վաճառվելու է պետությանը:
Ողջունելով Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման գաղափարը` դեսպան Պետր Միկիսկան տեղեկացրեց, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մարզի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնել աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ ուսուցողական ծրագրեր` երեխաների շրջանում համապատասխան հմտություններ ձևավորելու նպատակով:
Խորհրդակցությունն ամփոփվեց աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցման և շահագործման փուլերը ներկայացնող տեղեկատվական նյութերի ցուցադրությամբ: