Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել «Քո կողքին եմ, իմ զինվոր» խորագիրը կրող միջոցառմանը

15.11.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանի, մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի, մարզի ոստիկանության վետերանների խորհրդի անդամների, Արմավիրի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերանների, տարբեր կառույցների և հասարակական կազմակերպությունների պատասխանատուների հետ այսօր Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Քո կողքին եմ, իմ զինվոր» խորագիրը կրող միջոցառմանը:

Ազգը, հայրենիքը կանգուն պահող երկու կարևոր հիմնաքարերի` դպրոցի և բանակի առանձնահատուկ դերն ու նշանակությունն արտահայտող միջոցառումը նախաձեռնել էին «Տիգրան Մեծ» ռազմական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը և «Ասպետաց ակադեմիայի» նախագահ Արսեն Ֆիդանյանը:

Իսկ դպրոցի ընտրությունն, ըստ միջոցառման հեղինակների, հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ տվյալ կրթական հաստատությունում օրը սկսվում է տերունական աղոթքով, որին հաջորդում է առավոտյան նախավարժանքը: Բացի այդ, այն աչքի է ընկնում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների մեծ թվով, որոնց մոտ շատ բարձր է ռազմահայրենասիրական ոգին և սերն առ հայրենիք:

Ողջունելով ներկաներին և կարևորելով նմանատիպ միջոցառումների իրականացումը կրթական հաստատություններում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ դպրոցում են դրվում հայրենասիրության հիմքերը, որոնք բանակում ամրապնդվում են` վերաճելով սխրանքի…:

«Թող մեր պետությունն այնքան հզորանա, որ մեր սերունդները ձգտեն իրենց կրթությունը ստանալ հայրենիքում, և ապագան կերտեն միայն հայրենի հողում»,- ամփոփելով իր խոսքը` նշել է մարզպետը:

Հավելենք, որ միջոցառման շրջանակներում «Տիգրան Մեծ» ռազմական հատուկ վարժարանի և «Ասպետաց ակադեմիայի» կողմից եղել են նաև պարգևատրումներ` հուշամեդալների և պատվոգրերի տեսքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58