Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է ՌԴ Վոլոգդայի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
16.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությանը, որը մարզ է այցելել Արմավիրի մարզպետարանի և Վոլոգդայի մարզի կառավարության միջև մարզպետի և նահանգապետի կողմից 2016 թվականի ապրիլի 7-ին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ամփոփ տեղեկություն է ներկայացրել մարզի պատմական նկարագրի, հիմնական առանձնահատկությունների և առաջընթացի հնարավորությունների մասին: Անդրադառնալով կողմերի միջև ձևավորված հարաբերություններին` մարզպետը վստահեցրել է, որ այն զարգացման մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ պետք է օգտագործել` ի շահ երկու ժողովուրդների բարօրության: Այդ համատեքստում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է նահանգապետի գլխավորած պատվիրակության այցն Արմավիրի մարզ, որն, ըստ նրա, կամրապնդի փոխգործակցությունը, և նոր հնարավորություններ կստեղծի դրանց ընդլայնման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովն ընդգծել է, որ ուրախ է կրկին անգամ Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր հանդիսացող Հայաստանում լինելու և Արմավիրի մարզում հյուրընկալվելու համար: Նահանգապետը ուրախությամբ փաստել է, որ երկու մարզերի համագործակցության կարճ ժամանակահատվածում Վոլոգդայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության երկակի ավելացում է գրանցվել: Նա հավաստիացրել է, որ առկա ցուցանիշը բարձրացնելու և համագործակցության նոր ուղիներ որդեգրելու մեծ հնարավորություն կա, որն անպայման կօգտագործվի:
Երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու և այն զարգացման նոր հարթության վրա դնելու նպատակով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի կողմից հաստատվել է Արմավիրի մարզի և Վոլոգդայի կառավարության 2018-2020 թվականների համագործակցության ծրագիրը, որն ուղղված է կրթամշակութային, առևտրատնտեսական, գիտատեխնիկական կապերի զարգացմանը:
Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նահանգապետի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից ներկայացված տեսականուն, դրանց որակական հատկանիշներին:
Պատվիրակության ընդունելությունն Արմավիրի մարզպետարանում ամփոփվել է խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է առկա հնարավորությունների օգտագործումը` ի նպաստ ձևավորված հարաբերությունների զարգացման, այդ թվում` բիզնես կապերի խթանման:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև Վոլոգդայի մարզի առևտրատնտեսական ներուժը, ինչպես նաև առանձին ընկերությունների արտադրական հնարավորությունները:
Հավելենք, որ պատվիրակությունը ևս երկու օր կգտնվի Արմավիրի մարզում, կծանոթանա մարզի տեսարժան վայրերին և հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան այրերի հետ: