Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է Ջրարբիի դպրոցում իրականացված գազաֆիկացման աշխատանքներին
21.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Ջրարբիի միջնակարգ դպրոց, համայնքի ղեկավարի և կրթօջախի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել իրականացված գազաֆիկացման աշխատանքներին:
260 աշակերտ ունեցող կրթօջախում տարիներ շարունակ ջեռուցումն ապահովվել է հեղուկ վառելիքի միջոցով: Այսօր արդեն մարզպետարանի և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ դպրոցն ապահովվել է Ջեռուցման ներքին համակարգով:
Իր խոսքում մարզպետը նշել է, որ տվյալ դպրոցի համար ջեռուցման ներքին համակարգի անցկացումը միակ խնդիրը չէ: Ըստ նրա` կրթօջախի համար առաջնային է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը կամ նոր մասնաշենքի կառուցումը, որի կարևորությունը ներկայացվել է պատկան մարմիններին և ակնկալվում է, որ կարճ ժամանակահատվածում հարցին լուծում կտրվի:
Դպրոց կատարած այցի շրջանակում մարզպետը հանդիպել է նաև ուսուցչական կազմին և ծնողներին, ընդունել նրանց շնորհակալությունը` խոստացված գործն իրականություն դարձնելու համար և վստահեցրել, որ արվում է հնարավորը` օր առաջ լուծելու մարզում առկա հիմնախնդիրները: