Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Ռաֆայել Սահակյանի հեղինակած Արմավիրի մարզի «Տարեգիրք-հանրագիտարան»-ի շնորհանդեսը
27.12.2017
Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել գրողների միության մարզային մասնաճյուղի նախագահ, «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանի հեղինակած Արմավիրի մարզի «Տարեգիրք-հանրագիտարան»-ի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա են գտնվել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրչակից ընկերներ, մշակույթի և այլ ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին և օրվա առթիվ շնորհավորելով «Տարեգիրք-հանրագիտարան»-ի հեղինակ Ռաֆայել Սահակյանին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր է գնահատել նրա կատարած ծավալուն և հայրենանվեր գործը, որն ըստ մարզպետի, մնայուն արժեք կդառնա մարզի բոլոր սերունդների համար` նրանց կապելով անցյալին և ուղղորդելով դեպի ապագա: Մարզպետը «Տարեգիրք-հանրագիտարան»-ի հեղինակին մաղթել է երկար և առողջ տարիների կյանք, նոր ստեղծագործություններով ընթերցողներին հիացնելու բազում առիթներ:
«Տարեգիրք-հանրագիտարան»-ին ծնունդ տալու և ընթացիկ աշխատանքներին ընդառաջելու համար Ռաֆայել Սահակյանն իր շնորհակալությունն է հայտնել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և այդ երկար ճանապարհին իրեն օգնության ձեռք մեկնած բոլոր մարդկանց:
Խոսելով «Տարեգիրք-հանրագիտարան»-ի մասին` հեղինակն ընդգծել է, որ այն, որպես հայրենապատումի համառոտ վավերացում և նաև շուրջ 100 տարվա փաստագրական իրադարձությունների խտացված ամբողջություն, նպատակ ունի ժամանակի հեռացող գնացքից հետ բերելու իրենց նվիրական գործը կատարած մարդկանց, տարաբնույթ կոլեկտիվների և կազմակերպությունների տարիների աշախատանքը, նրանց ինքնությունն ու անհատականությունը: Նրանց, ովքեր դժվարին ժամանակներում իրենց կենսագրությունն են հյուսել, իրենց ուժեղ կամքով կայացել մայր հողի վրա:
Օրվա ռաթիվ Ռաֆայել Սահակյանին շնորհավորել և իրենց սրտի խոսքն են հղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և «Գրական Արմավիր» ստեղծագործողների ակումբի նախագահ Արսեն Զաքարյանը: