Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկա է գտնվել քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը

23.08.2018

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 30 տարեկան: Նա Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի հետ բնակվում էր Արցախում:

Հովսեփ Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006 թվականից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետև ծառայության է մեկնել Մարտակերտ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը հարձակվել է արցախա-ադրբեջանական սահմանին, նա եղել է տանը: Հարձակման լուրն իմանալուն պես նա, մենակ թողնելով կնոջն ու զավակներին, օգնության է շտապել իր 25 զինվորին: Գնդակների տարափին իր զինվորներին թողնելով խրամատներում` անձամբ նետվել է մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը, 30 մետր վազելով, առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին, իսկ իր զինվորներին հրամայել է. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Մերօրյա հերոսի ծննդավայրում մեծ ցավ են ապրում համագյուղացու մահվան համար, միևնույն ժամանակ հպարտանում, որ ճանաչել են նրան: Եվ այսօր, ի նշան մեծագույն հարգանքի և հավերժ հիշատակի, Ապագայի միջնակարգ դպրոցում նշվեց քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: Նրա հավերժ հիշատակը խորհրդանշող միջոցառմանը ընտանիքի անդամների, հարազատների, համայնքի ղեկավարի, բնակիչների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա էր նաև մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետն իր շնորհավորանքի խոսքն է հղել կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրվա առթիվ` մասնավորապես նշելով. «Ցավոք, մենք այսօր Հովսեփի ֆիզիկական ներկայությամբ չենք կարող շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Սակայն նա և իր մարտական ընկերներն իրենց սխրանքով հավերժացան մեր պատմության մեջ` կրկին անգամ ապացուցելով, որ հայի ոգին անկոտրում է, հայի բազուկը` հզոր: Մենք հպարտ ենք մեր հերոսներով և քանի դեռ ապրում ենք, պարտավոր ենք նրանց հիշատակը վառ պահել մեր սրտերում, հոգիներում: Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին»:

Մերօրյա հերոսի ծննդյան օրվան նվիրված միջոցառումն ամփոփվել է նրա անունը կրող պուրակում կանգնեցված հուշարձանին ծաղիկներ խոնարհելով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:

Հավելենք, որ մարզպետ Գագիկ Միրիջանյանի առաջարկությամբ նոր ուսումնական տարում Ապագայի միջնակարգ դպրոցը կանվանակոչվի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հովսեփ Գեղամի Կիրակոսյանի անվամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53