Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Արևադաշտի միջնակարգ դպրոցի բացմանը

28.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Հայ Կրթական Հիմնարկության (ՀԿՀ) նախագահ Հերմինե Փախանյանի, Հայստանում դպրոցաշինության աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանի, պատվավոր հյուրերի և կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Արևադաշտ համայնքի միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Արևադաշտի դպրոցը կառուցվել է Հայ Կրթական Հիմնարկության կողմից։ Հանրակրթական ուսումնական հաստատության հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի մարտ ամսին։ Այս ժամանակահատվածում ՀԿՀ-ի ֆինանսավորմամբ 70 աշակերտի համար կառուցվել է արդիական չափանիշներին համապատասխանող կրթօջախ, որն ամբողջությամբ կահավորվել է, համալրվել անհրաժեշտ գույքով, բարեկարգվել է բակը, կառուցվել են բասկետբոլի և վոլեյբոլի միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտեր։

Կատարված ազգանվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ՀԿՀ-ի տնօրինությանը, բարերարներին և շնորհավորելով բոլորին դպրոցի բացման առթիվ՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշել է. <<Մենք հայրենասեր, շինարար և կրթություն սիրող ժողովուրդ ենք: Ասվածիս ապացույցն այսօրվա միջոցառումն է, որը մեզ պարգևել են հայրենիքից դուրս ապրող, բայց հայրենիքի ապագայով մտահոգ մեր հայրենակիցները>>, - ամփոփելով իր խոսքը` նա արևոտ ու պայծառ ապագա է մաղթել միջոցառման մասնակիցներին:

Օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքն է հղել ՀԿՀ-ի նախագահ Հերմինե Փախանյանը` անդրադառնալով դպրոցի կառուցման ընթացքում ունեցած դժվարություններին, որոնք այսօր պատվով հաղթահարվել են պատասխանատուների ջանքերի շնորհիվ: Այդ ճանապարհին նրանց մեծ ուժ և ոգևորություն է ներշնչել դպրոցի սաների առջև ստանձնած պատասխանատվությունը:

Այնուհետև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից կատարվել է դպրոցի օրհնության կարգը, որից հետո նորաբաց դպրոցի տնօրեն Նազիկ Բաբայանի ուղեկցությամբ մարզպետ Գագիկ Միրիջանյանը և հյուրերը շրջել են կրթօջախում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:56:13