Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր
18.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը մարզը սպասարկող Արմավիր, Էջմիածին և Շենիկ ՋՕԸ-երի տնօրենների և աշխատակիցների հետ քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:
Ողջունելով ներկաներին` ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 16-ին գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի շուրջ տեղի ունեցած խորհրդակցությանը` ջրամատակարարման ոլորտում նախատեսվող աշխատանքների արդյունավետությունն ապահովելու գործում կարևորելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ջրային կոմիտեի և մարզպետարանների համագործակցությունը:
Ինեսսա Գաբայանը մարզը սպասարկող ՋՕԸ-երի տնօրեններից հետաքրքրվել է ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներով, խոչընդոտող այն հանգամանքներով, որոնք հետագայում բացասաբար կարող են անդրադառնալ գյուղատնտեսական շրջանի վրա:
Արմավիր, Էջմիածին և Շենիկ ՋՕԸ-երի տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում փետրվար ամսին նախատեսվող հիմնական աշխատանքները և առկա խնդիրները` այնուամենայնիվ վստահեցնելով, որ կանեն հնարավորը գարնան նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և ոռոգման շրջանը պատվով հաղթահարելու համար:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՋՕԸ-երի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ոռոգման ջրի դիմաց վարձավճարների ցածր հավաքագրում ապահովելու վրա` ընդգծելով, որ անկախ հանգամանքներից պետք է անհարժեշտ միջոցառումներ ձեռնարկել` հավաքագրման մակարդակը բարելավելու ուղղությամբ: