Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն
21.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն: ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին և իրականացվող շինաշխատանքներին:
Լիլիթ Գասպարյանը մարզպետին նախ տեղեկացրել է, որ 2016 թվականի մայիս ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ <<Վաղարշապատի ծննդատուն>> ՊՓԲԸ-ն միավորվել է <<Վաղարշապատի պոլիկլինիկա>> ՊՓԲԸ-ին` վերանվանվելով <<Էջմիածին ԲԿ>> ՓԲԸ: Մինչ այդ` 2005 թվականից սկսվել են պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են 2010 թվականին: Միաժամանակ աշխատանքներ են տարվել պոլիկլինիկայի կահավորման և գործիքային հագեցվածության ապահովման ուղղությամբ:
Իսկ գործունեության վերջին երկու տարիների ընթացքում <<Էջմիածին ԲԿ>>-ն իր խնայողությունների հաշվին մարել է նախկինում կուտակված 41 849 000,0 դրամ պարտք, որից՝ 18 000 000,0 դրամը կազմել է էլեկտրաէներգիայի կրեդիտորական պարտքը: Տնօրենի փոխանցմամբ` այժմ մարված են բոլոր պարտքերը, և ամբողջությամբ վճարված է դեկտեմբեր ամսվա աշխատավարձը:
Լիլիթ Գասպարյանը մարզպետին տեղեկացրել է, որ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծննդատան երրորդ հարկում կատարվել է 26 500 000,0 դրամի շինարարական աշխատանք` փոխվել են պատուհանները, հարկը գազաֆիկացվել է, կատարվել են նաև կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: 2018 թվականին էլ սեփական միջոցների խնայողությունների հաշվին կազմակերպությունը տնտեսել է 30 000 000,0 դրամ և հիմնադրի թույլտվությամբ վերանորոգում է սկսել ծննդատան երկրորդ հարկում:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացնելով ընթացող շինաշխատանքները` բուժհաստատության տնօրենը վստահեցրել է, որ մեծ ուշադրություն է դարձնում իրականացվող աշխատանքների որակին և ժամանակացույցով սահմանված ժամկետում դրանց ավարտին:
Ամփոփելով շրջայցը` մարզպետը Լիլիթ Գասպարյանից հետաքրքրվել է ծննդատան մասնաշենքի վարձակալությամբ տրված տարածքներով` հանձնարարելով իրավաբանների հետ քննարկել պայմանագրի դրույթները և համապատասխան տեղեկություն ներկայացնել իրեն:
Հավելենք, որ Էջմիածնի բժշկական կենտրոնը սպասարկում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի շուրջ 46 000, իսկ տարածաշրջանի համայնքներից ավելի քան 123000 ազգաբնակչություն: