Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Արմավիրի մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակին և զարգացման հիմնական միտումներին վերաբերող հարցեր
25.02.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետի, նախարարության ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խմբի և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Ներկայացնելով Արմավիրի մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակը և զարգացման հիմնական միտումները` ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ շարունակական աշխատանքներ են իրականացնում քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստվածության պահանջվող մակարդակի պահմանմանն ուղղված համալիր միջոցառումների ուղղությամբ:
Ըստ նրա` վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերին. ելնելով առկա պահանջներից` իրականացվում է բնակչության կենտրոնական ազդարարման համակարգի արդիականացում, ղեկավար կազմի, բնակչության ուսուցում, մասնագետների պատրաստականության բարձրացում` լայնորեն կիրառելով ժամանակակից ուսուցման մեթոդները և տեխնիկական միջոցները:
Այդ նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ն Արմավիրի մարզ գործուղված ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը, համագործակցելով Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչությունների և բաժինների հետ, մասնակցություն կցուցաբերի մարզի համայնքներում քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանների, մարմինների, գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ոլորտն ուսումնասիրող այլ փաստաթղթերի ուսումնասիրման, մշակման և ճշգրտման, պաշտպանական կառույցների պահպանման, նախատեսման և կառուցման ուղղություններով մեթոդական և գործնական օգնության ցուցաբերմանը:
Իսկ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մարզի մի շարք դպրոցներում կիրականացվեն նաև տարհանման և պատրաստման թեմայով գործնական միջոցառումներ, կկազմակերպվեն հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանության համակարգում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: