Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերից ևս երեքը հավանության է արժանացել
16.07.2019
2019 թվականի հուլիսի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի Վանանդ համայնքի «Համայնքի ոռոգման ցանցի վերակառուցում հիմնանորոգում», Գետաշեն համայնքի «Համայնքի ջրագծերի կառուցում» ծրագրերը:
Համապատասխան շրջաբերական գրությամբ համայնքի ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:
Մրգաստան համայնքի «Համայնքի Էջմիածին-Աշտարակ մայրուղուց դեպի Մրգաստան տանող ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում» ծրագիրն արժանացել է հավանության՝ պայմանով, որ մինչև ծրագրի իրականացման մրցույթ հայտարարելը նախագծանախահաշվային փաստաթղթերը կլրամշակվեն՝ ոլորտային մարմինների դիտողությունները հաշվի առնելով: Վերոնշյալ պայմանները չկատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում չի տրամադրվի։
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2019 թ., 30.05.2019 թ., 06.06.2019 թ.,20.06.2019 թ., 26.06.2019 թ. և 11.07.2019 թ. կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 34 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվի մարզից ներկայացված սուբվենցիայի վերջին 2 ծրագիրը: