Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է նոր ուսումնական տարին

01.09.2019

ՀՀ Արմավիրի մարզի բոլոր կրթօջախներում Գիտելիքի, գրի ու դպրության օրը մեկնարկել է տոնական միջոցառումներով: Օրվա առթիվ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է Արաքսի (Վաղարշապատի տարածաշրջան) միջնակարգ դպրոց, որտեղ ուսումնական տարեսկիզբը նշանավորվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի և նոր մարզադահլիճի բացմամբ:

Շնորհավորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի և նոր մարզադահլիճի բացման կապակցությամբ՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է. «Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին անգամ գիտության դարբնոց ոտք դնող փոքրիկներին: Թող այս սեպտեմբերի 1-ը նոր ժպիտներ ու հաջողություններ բերի և դառնա նրանց կյանքի ամենահիշարժան օրերից մեկը:

Բոլոր դպրոցականներին, ցանկանում եմ ուսումնատենչ ոգի, անսպառ եռանդ, նպատակասլացություն և աշխատասիրություն: Թող ուսումնառության ողջ ընթացքն ուղեկցվի աշխարհաճանաչման և ինքնադրսևորման գիտելիքներով, որում անգնահատելի է ձեր վաստակը, հարգելի մանկավարժներ, քանզի ձեզանից է կախված, թե ինչպիսի հայրենասեր և ազգանվեր քաղաքացիներ կձևավորվեն ապագայում»:

Միջոցառումը շարունակվել է «Արմաթ» լաբորատորիայի և նոր մարզադահլիճի հանդիսավոր բացման արարողությամբ: Լաբորատորիան հնարավորություն է ընձեռելու Արաքսի և հարակից համայնքների դպրոցականներին՝ ձեռք բերել ինժեներական գիտելիքներ և տիրապետել ծրագրավորման հիմունքներին: Իսկ բարերար Յաշա Խորշիկյանի անվամբ անվանակոչված մարզադահլիճը, որը ստացավ Արմավիրի թեմի Գայի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանայի օրհնությունը, նպաստելու է աշակերտների ֆիզիկական դաստիարակությանը:

Մարզպետը կարևոր է համարել այս երկու հաստատությունների նշանակությունը դպրոցականների կյանքում` արժևորելով կրթության և սպորտի անփոխարինելի դերը:

Տոնական միջոցառումների շարքն ուղեկցվել է դպրոցականների երգ ու պարով, դպրոցի սաների տարբեր տարիների սպորտում ունեցած հաջողությունների՝ գավաթների, մեդալների, շնորհակալագրերի ներկայացմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08