Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Բաղրամյան և Շահումյան թ/ֆ համայնքներում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներին
19.11.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ացելել է Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան և Շահումյան թ/ֆ համայնքներ` ծանոթանալու կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Բաղրամյան համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում շարունակվում են մանկապարտեզի մասնակի վերանորոգման աշխատանքները: Համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է շինաշխատանքների ընթացքը` նշելով, որ ավարտվել են պատերի ամրացման, տանիքի թիթեղապատման և պատուհանների տեղադրման աշխատանքները: Այժմ հարթեցվում է հատակը, որին էլ կհաջորդի դռների տեղադրումը:
Համայնքապետը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տեղեկացրել է, որ մանկապարտեզում սուբվենցիոն ծրագրին զուգահեռ համայնքի բյուջեի միջոցներով և բարերարի օժանդակությամբ ընթանում են նաև վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ: Ըստ նրա` մանկապարտեզի վերանորոգման ամբողջական ծրագրի արդյունքում ավելի քան 120 երեխայի հնարավորություն կտրվի ստանալ նախադպրոցական կրթություն և կստեղծվի շուրջ 25 նոր աշխատատեղ:
Նշվել է նաև, որ մարզպետարանի կողմից հատկացված աղացած ասֆալտով հարթեցվել է մանկապարտեզի ճանապարհահատվածը, բացի այդ համայնքում իրականացվել է շուրջ 400 քմ փոսալցում, ոռոգման և փողոցային լուսավորության ցանցի ընթացիկ նորոգում, ինչպես նաև ծառատունկ, որի ընթացքում տնկվել է ավելի քան 200 ծառ: Իսկ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այնուհետև այցելել է Շահումյան թ/ֆ համայնք, որտեղ արդեն ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված 1-ին փողոցի գազատարի կառուցման աշխատանքները: Համայնքապետը տեղեկացրել է, որ ծրագրի արդյունքում կառուցվել է 1392 գծմ երկարությամբ գազատար, տեղադրվել է Պ.Գ.Կ.Կ.-50 ճնշման կայանի պահարան, որն էլ միացվել է բաշխիչ ցանցին: Ըստ նրա` ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 195 բնակիչ (73 տնտեսություն):
Մարզպետն անձամբ այցելել է ծրագրի շահառուներից Պետրոսյանների ընտանիք, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին և հետաքրքրվել արդյունքով: Ինչպես Պետրոսյանները, այնպես էլ ծրագրի մյուս շահառուները մեծ գոհունակություն են հայտնել իրենց տնտեսությունները գազաֆիկացնելու և շատ ու շատ կենցաղային հոգսերից իրենց ազատելու համար: Համբարձում Մաթևոսյանն էլ վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական բնույթ է ունենալու, և կապույտ վառելիքը հասանելի է դառնալու համայնքի մյուս տնտեսություններին ևս:
Համայնքապետը մարզպետին միաժամանակ տեղեկացրել է, որ համայնքի բյուջեի միջոցներով ամբողջությամբ վերանորոգվել է համայնքի արտաքին լուսավորության ցանցը, հարթեցվել է գերեզմանատուն տանող ճանապարհը, իրականացվել են շուրջ 500 քմ փոսալցման աշխատանքներ, ընդլայնվել են համայնքի կանաչապատ տարածքները. տնկվել է 150 ծառ: Իսկ այժմ փոխվում են համայնքի բազմաբնակարան շենքերից 2-ի մուտքի դռները:
Համբարձում Մաթևոսյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել նշված համայնքներում իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքը` կարևորելով որակյալ աշխատանքը և սրտացավ վերաբերմունքը ողջ գործընթացի նկատմամբ. <<Մենք պետք է գիտակցենք, որ կառավարության համաֆինանսավորմամբ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված այս ծրագրերը երկարաժամկետ նշանակություն են ունենալու մեր ազգաբնակչության համար: Ուստի, մեզանից յուրաքանչյուրն ամենայն պատասխանատվությամբ պետք է վերաբերվի այս ծրագրերի որակյալ իրականացմանը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն>>: