Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության և մարզային իշխանության ամենօրյա հսկողության ներքո Արմավիրի մարզում լայն թափով շարունակվում են համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը

22.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին այսօր այցելել է Տարոնիկ համայնք` ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով Տարոնիկից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին, որի շրջանակներում եղել են նաև արգելոց-թանգարանում, ծանոթացել վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադարյան ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշներին, ապա Մեծամոր հնավայրի մասին պատմող ֆիլմ դիտել:

Նշված ճանապարհահատվածի վերանորոգումը, ըստ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, կարևոր նշանակություն ունի Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու գործում, քանի որ արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է և այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Տարոնիկում նախարարը և մարզպետը հանդիպել են նաև համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքի համար կարևորություն ունեցող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են միջհամայնքային նշանակության ևս 1,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, 3-րդ կարգի վթարային հանդիսացող մանկապարտեզի շենքի վերանորոգմանը և քլորակայանի կառուցմանը:

Տարոնիկում առաջնային հանդիսացող վերը նշված հարցերին լուծում տալու համար առաջարկվել է առավելագույնի հասցնել համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարողականի ապահովումը, որպեսզի 2020 թվականին հնարավոր լինի մասնակցել կառավարություն-համայնքներ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին:

Ներկայացվել են նաև հաշվետու տարում մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով Տարոնիկում խմելաջրի սպասարկումը բարելավելու նպատակով 1 մլն 120 հազար դրամի շրջանակում իրականացված աշխատանքները, որոնց արդյունքում ավելի քան 50 տնտեսություն ապահովվել է անխափան ջրամատակարարմամբ: Իսկ համայնքի բյուջեի միջոցներով խճապատվել է ներհամայնքային նշանակության ճանապարհների շուրջ 85 %-ը, փողոցների 95 %-ն էլ ապահովվել է լուսավորությամբ: Նշվել է, որ եղանակային բարենպաստ պայմանների պարագայում մինչև տարեվերջ կավարտվի նաև մշակույթի տան տանիքի նորոգումը և ֆուտբոլի դաշտի կառուցումը:

Տարոնիկից մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ուղևորվել է դեպի Վարդանաշեն համայնք, որտեղ նախ մասնակցել է իր նախաձեռնությամբ և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ համայնքի նորաստեղծ պուրակում կազմակերպված ծառատունկին, որի ընթացքում տնկվել է 150 դեկորատիվ ծառ:

Այնուհետև մարզպետը ծանոթացել է նորընտիր համայնքապետի պաշտոնավարման վերջին չորս ամիսների ընթացքում պետական, համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև համայնքապետի կողմից իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ Կառավարության որոշմամբ արդեն սկսվել են R-13 խորքային նոր հորի հորատման աշխատանքները, որի արդյունքում 50-ից ավել հեկտար հողատարածք կապահովվի ոռոգելի ջրով` նպաստելով մշակովի հողատարածքների ավելացմանը։

Համայնքային բյուջեի միջոցներով էլ գերեզմանատանն անցկացվել է 600 մ խմելու ջրագիծ, լայնածավալ աշխատանքներ են իրականացվել համայնքում խմելու ջրագծի վթարված հատվածների վերանորոգման ուղղությամբ, բարեկարգվել, կանաչապատվել և ցանկապատվել է համայնքապետարանի տարածքը: Համայնքապետի կողմից էլ բարեկարգվել ու կանաչապատվել է դպրոցի բակը, նախակրթարանում բացվել է նոր խմբասենյակ, փոխվել է գերեզմանատան լուսավորության համակարգը:

Ողջունելով համայնքապետի կողմից պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում Վարդանաշենում իրականացված կարևոր աշխատանքները` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել, որ 2020 թվականին դրանք կբազմապատկվեն` մեղմելով բնակչության հոգսերն ու նպաստավոր պայմաններ ստեղծելով համայնքի զարգացման համար:

Հաջորդիվ մարզպետն այցելել է «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս «ԲԻԳԱ»-ն հայտնի է էկոլոգիապես մաքուր շամպինիոն սնկի և լոլիկի` ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով արտադրությամբ, որն իրականացվում է հիմնականում բնական պարարտանյութերի և պայքարի կենսաբանական միջոցներով: Բիգայի արտադրանքը վաճառվում է ոչ միայն հայկական շուկայում, այլև արտահանվում է: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել են նաև ընկերության զարգացման ծրագրերը, որոնց իրագործման հարցում նա աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08