Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով
21.02.2020
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորում, որը նախաձեռնել և իրականացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՕքսեՋեն հիմնադրամը՝ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ:
ֆորումին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի և ենթակա կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության, այդ թվում` ՀԿ-ների և կուսակցությունների ներկայացուցիչներ, մարզային լրագրողներ:
«ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորումի շրջանակներում քննարկվել են ՏԻՄ-երում կանանց թերի ներկայացվածությանը և նրանց մասնակցության խթանմանը վերաբերող հարցեր: Միաժամանակ ներկայացվել են խնդրին առնչվող վիճակագրական տվյալներ, փորձագիտական գնահատականներ, հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի պետական քաղաքականությունն ու միջազգային փորձը:
Նման ձևաչափով հանդիպում-քննարկումների կազմակերպման արդյունքում ակնկալվում է բացահայտել ՏԻՄ համակարգում առկա խնդիրները և դրանց մարզային առանձնահատկությունները, հստակեցնել ՏԻՄ-երում կանանց թերի ներկայացվածության պատճառները, խոչընդոտներն ու հետևանքները և գնահատել կանանց ներգրավվածության աջակցելուն ուղղված պետության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները: