Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ
21.06.2020
Հարգելի բուժաշխատողներ, բժշկի կոչումը մեծ պատվով կրող սիրելի գործընկերներ,
Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ:
Նախ ցանկանում եմ երախտիքի խոսք հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու ոլորտի այն բոլոր աշխատակիցներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշերուզօր պայքարում են համաշխարհային այս մարտահրավերի` COVID-19-ի դեմ: Ինչ խոսք, այս անհավասար պայքարում ձեզ հաջողվում է մեծաթիվ կյանքեր փրկել, իսկ երբեմն էլ, ուղղակի, անզոր գտնվել այդ համամարդկային չարիքին դիմագրավելու հարցում:
Այո, դուք ձեր առաքելությունն իրականացնում եք Հիպոկրատի երդմանը հավատարիմ` ձեր խղճի համաձայն, ուժերի ներածին չափով բժշկելով հիվանդներին, երբեմն էլ երկրորդ կյանք պարգևելով նրանց: Շնորհակալություն ձեզ, արարչագործ մարդիկ: Թող ձեր սերն ու նվիրումը միշտ փոխադարձվի` նոր ու դրական լիցքեր և մեծ ուժ հաղորդելով ձեզ:
Ոլորտի հարգելի գործընկերներ, հավատացած եղեք, որ մարզպետարանն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը` մարզային ենթակայության բուժհաստատությունների շենքային պայմանները բարելավելու, դրանք նորագույն սարքավորումներով համալրելու, ինչպես նաև բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը և ազգաբնակչության սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ:
Եվ ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք ամբողջությամբ բարեփոխված և բոլոր առումներով մրցունակ առողջապահական համակարգ, որտեղ սիրով իրենց մասնագիտական պարտքը կմատուցեն մեր բուժաշխատողները և լավագույն բուժօգնություն կստանան մեր բնակիչները:
Հարգարժան բժիշկներ, կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ` բոլորիդ ցանկանում եմ ամուր առողջություն, անկոտրում կամք, անձնական երջանկություն և բազում հաջողություններ ձեր պատասխանատու աշխատանքում:
Հարգանքով`
Համբարձում Մաթևոսյան