Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Ակնաշենում իրականացված գազաֆիկացման աշխատանքներին
09.09.2020
Աշխատանքային օրվա ավարտին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով այսօր եղել է Ակնաշեն համայնքում` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցներում իրականացված գազիֆիկացման աշխատանքներին:
Մարզպետին ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները` համայնքապետ Միսակ Միսակյանը նշել է, որ վերը նշված փողոցներում տեղադրվել են հենասյուներ և անցկացվել է 800 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39.42%` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ:
Համայնքապետը համոզմունք է հայտնել, որ գազաֆիկացման ծրագիրը կբարելավի բնակիչների բնակկոմունալ պայմանները, կավելանան նորակառույց բնակարանները, իսկ համայնքը գրեթե ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:
Սուբվենցիոն ծրագրի շուրջ քննարկումն ավարտելուց հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքապետ Միսակ Միսակյանն անդրադարձել են նաև ներհամայնքային այլ հարցերի լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությանը` դրանց իրականացման գործում երկուստեք կարևորելով սեփական եկամուտների պատշաճ հավաքագրման ապահովումը: