Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք և խոնարհում Էջմիածնի զոհված հերոսների հիշատակին
31.12.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, մեծաթիվ էջմիածնեցիների հետ այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա ահեղ պատերազմում հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հերոսների անունն ու սխրանքը հավերժացնող հուշապուրակի բացման արարողությանը, որն ազդարարվել է Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից հնչեցված տերունական աղոթքով և օրհնության խոսքով:
Ցավակցելով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավորապես նշել է. «Կորստի ցավը շատ մեծ է, բայց ոչ առավել, քան ընկած հերոսների պատիվը: Նրանք անմահացել են իրենց խիզախությամբ և հայրենի հողին թափված արյամբ: Մենք՝ բոլորս հպարտանում ենք նրանց գործած սխրանքներով, և ցանկանում ենք, որ մեր սերունդները նույնպես մեծանան այդ ոգով ու դաստիարակությամբ: Խոնարհվում եմ բոլորի առջև: Թող լույս իջնի մեր քաջ հայորդիների շիրիմներին»:
Միջոցառումն ամփոփվել է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի և վոկալ բաժնի ուսուցիչների կատարումներով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհված հերոսների անվանաքարերին: