Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրգաշատ համայնքում ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել

10.08.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյի հետ Մրգաշատ համայնքում այսօր ծանոթացել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի միջոցներով ոռոգման բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, որոնց մասնակցություն է ունեցել նաև համայնքապետարանը:

Իրականացված ծրագրի արդյունքում 1970-ական թվականներին շահագործման հանձնված պոմպակայանի հզորացմամբ շուրջ 30 հեկտարով Մրգաշատում կավելանան մշակովի հողատարածքները՝ նոր ֆինանսական հնարավորություններ ստեղծելով շուրջ 150 գյուղացիական տնտեսությունների համար:

Կարևորելով օրվա նշանակությունը Մրգաշատ համայնքում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ նշել է, որ Մրգաշատն Արմավիրի մարզի ամենամեծ, պատրաստակամ և պահանջատեր համայնքներից մեկն է, որտեղ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազում ծրագրեր են իրականացվել:

Թվարկելով միայն վերջին երեք տարում համայնքում ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված ճանապարհաշինական, երաժշտական դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման, հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները, ինչպես նաև նոր դպրոցի կառուցման ծրագիրը՝ մարզպետն անչափ կարևորել և բարձր է գնահատել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի կողմից Մրգաշատում և մարզի ևս յոթ համայնքում մասնավորապես ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Նա իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին Արմավիրի մարզում ավելի քան 250 կմ ոռոգման նոր համակարգ է կառուցվել: Այդուհանդերձ, Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ մարզում դեռ կան հողատարածքներ, որոնք շուրջ 20 տարի է, ինչ չեն ոռոգվում: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության և գործընկեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ առաջնահերթության կարգով այդ հարցին ևս լուծում կտրվի:

Բարձր գնահատելով ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի կողմից Արմավիրի մարզում իրականացված և շարունակվող ծրագրերի կենսական կարևորությունը համայնքային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գրասենյակի բոլոր գործընկերներին՝ ի դեմս տնօրեն Ջոն Ալելոյի:

Հատկապես Արարատյան դաշտավայրում կարևորելով ոռոգման նշանակությունը՝ պայմանավորված գյուղատնտեսության՝ հիմնական եկամուտի աղբյուր լինելով՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենն ուրախությամբ նշել է, որ Մրգաշատ համայնքի ղեկավարության և ջրօգտագործողների ասոցացիայի հետ համագործակցության արդյունքում այսօր ձևավորվել է ոռոգման մի համակարգ, որի շահառու է հանդիսանում համայնքի 150 տնտեսություն:

Անդրադառնալով մինչ ծրագրի իրականացումը համայնքի ոռոգման համակարգում առկա խնդիրներին՝ Ջոն Ալելոն նշել է, որ ջանքերի համատեղման և ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր է դարձել ոչ միայն նոր հողատարածքներ մշակել, այլև խնայողություններ ունենալ. «Ոռոգման ցանցի տեխնիկական արդիականացման շնորհիվ հնարավոր կլինի տարեկան խնայել 228,000 մ3 ջուր և 59,280 կՎտժ էլեկտրաէներգիա: Արդյունքում շուրջ 4 մլն դրամ արժողությամբ խնայողություն կլինի, որը համայնքը կարող է ուղղել այլ ծրագրերի իրագործմանը»։

«Այս գործընկերային ծրագիրը ոչ միայն ցույց է տալիս որ հնարավոր է նմանօրինակ նախաձեռնությունների միջոցով կիրառել Արարատյան դաշտավայրի թանկարժեք ջրային ռեսուրսները, այլև կայուն և երկարաժամկետ զարգացում ապահովել համայնքների համար»,- ամփոփելով իր խոսքը նշել է Ջոն Ալելոն:

Հավելենք, որ ծրագրի ընդհանուր աժեքը կազմել է 26,500 ԱՄՆ դոլար, որից 21,500-ը ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի ներդրումն է, իսկ 5000-ը՝ Մրգաշատ համայնքինը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15