Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հացիկում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոն է բացվել

10.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այսօր այցելել է Հացիկ համայնք, ներկա գտվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ համայնքապետարանում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի (ԵԸԾ) բացմանը:

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ մարզպետը և նախարարը շրջել են նորաբաց կենտորնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ինչպես նաև նախատեսվող հիմնական ծառայություններին:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը վերհիշել է ՔՈԱՖ-ի գլխավոր գրասենյակում ունեցած առաջին հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել է Արմավիրի մարզում հիմնադրամի ծրագրերի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը և նոր գաղափարների շուրջ համագործակցությունը:

Անդրադառնալով մարզպետարան-հիմնադրամ-համայնքապետարան եռակողմ հուշագրի ստորագրմամբ Հացիկ համայնքում հանրապետությունում 1-ին ԵԸԾ կենտրոնի բացմանը՝ Համբարձում Մաթևոսյանն այն համարել է խոսուն ապացույց շարունակվող արդյունավետ համագործակցության: Նա հպանցիկ անդրադարձել է նաև հիմնադրամի հետ համագործակցությամբ մարզում առաջիկայում առավել մասշտաբային ծրագրի իրականացմանը՝ Մյասնիկյանում ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնմանը:

Ներկայացնելով Արմավիրի մարզի ութ համայնքում (Լեռնագոգ, Դալարիկ, Հացիկ, Մյասնիկյան, Գետաշեն, Վանանդ, Քարակերտ, Շենիկ) ՔՈԱՖ-ի կողմից իրականացվող կրթական, առողջապահական ծրագրերը և մատուցվող բազմապրոֆիլ ծառայությունները՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը սրտացավ և հայրենանվեր աշխատանքի համար խորին շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրինությանը, գործընկերներին և իրականացվող ծրագրերին աշխարհի տարբեր մասերից իրենց աջակցությունը ցուցաբերող անձանց: Իսկ Արմավիրի մարզում զարգացման տարբեր ծրագրերի իրականացման և մարզպետարանի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար մարզպետը շնորհակալագրեր է հանձնել հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանին, հիմնադրի ներկայացուցիչ Էրիկ Գյուլազյանին, ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող, խորհրդատու Արթուր Տեր-Սիմոնյանին, գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին, հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանին, լոգոպեդական ծառայությունների համակարգող Մարուսյա Բազինյանին, Սոցիալական աշխատանքի համակարգող Նախշուն Աֆանեսյանին:

Հացիկում ԵԸԾ կենտրոնի բացման նախաձեռնությունը կարևորել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ նախարարությունը նույնպես մեծ դերակատարություն է տալիս համայնքահեն նմանօրինակ կառույցներին, որոնք համապատասխան ծառայությունների միջոցով լուծում են տարբեր սոցիալական խնդիրներ: Նախարարը կարևորել է նման կենտրոնների առկայությունը հանրապետության տարբեր համայնքներում և համագործակցությունը սոցիալական աշխատողների հետ՝ կենտրոնի գործունեությանը մաղթելով հաջող ընթացք:

«Գյուղի մարդիկ առանձնահատուկ են ու արժանի են առանձնահատուկ գործերի»,- մեջբերում անելով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից՝ գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ընդգծել է, որ ՔՈԱՖ-ը ջանք չի խնայում գյուղն ավելի լավը դարձնել, քան քաղաքը: «17 տարի է, ինչ այդ նպատակով աշխատում ենք: Պետք է նախանձելի դառնա այլևս գյուղում ծառայություններից օգտվելը, ծրագրերից օգտվելը, ապրելը, արարելն ու աշխատելը, որպեսզի դինամիկան դառնա հավասարակշռված:

Մենք մեր աշխատանքը միայն մասնավորով չենք պատկերացնում: Այն, ինչ անում ենք պետք է ծառայի պետականությանը և, իրականում, ուրախ ենք, որ այսօր հենց պետական կարևոր ինստիտուտում՝ համայնքապետարնում ենք բացել այս կենտրոնը»,- իր խոսքում նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը՝ հավելելով, որ մեկ տանիքի տակ համախմբելու են 4 ծառայություն՝ մանկան զարգացման անկյուն, սոցիալական աշխատողի սենյակ, լոգոպեդի սենյակ և հոգեբանի սենյակ: Իսկ կենտրոն կարող են հաճախել Հացիկ և Մյասնիկյան համայնքների 3-10 տարեկան երեխաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28