Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված հարցերի շուրջ
06.06.2022
Մեծամորի N1 դպրոցում այսօր տեղի է ունեցել «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» թեմայի շուրջ հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզպետարանի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ նախաձեռնությամբ:
Հանդիպմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի և ՏԻՄ-երի ոլորտային պատասխանատուներ, միջազգային, հայաստանյան կազմակերպությունների և գործարար հատված ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը նշել է, որ հանդիպման նպատակն Ազգային դպրոցական սննդի ծրագրի կայունացումն է, որը Հայաստանում մեկնարկել է 2014 թվականին՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցություն և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ։
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ Արմավիրի մարզում ծրագիրն այժմ իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով և 2022 թվականին նախատեսվում է անցնել Դպրոցական սնունդ ազգային ծրագրին՝ ընդգծելով, որ այժմ խնդիր կա օժանդակելու դպրոցներին՝ խոհանոցների վերանորոգման աշխատանքների կազմակերպման, նաև կահույքով, սպասքով և խոհանոցային պարագաներով ապահովման հարցում:
Առնակ Ավետիսյանն իր խոսքում ընդգծել է, որ խնդիրն անհնար է լուծել միայն կառավարության ջանքերով և համոզմունք հայտնել, որ հանդիպումը կծառայի իր նպատակին և կնպաստի մարզում ծրագրի լիարժեք իրագործմանը՝ երեխաների համար ապահովելով կրթության առողջ և արդյունավետ միջավայր:
Հանդիպման շրջանակում ներկայացվել է Ազգային դպրոցական սնունդ ծրագիրը, ընթացիկ զարգացումներն ու ապագա ծրագրերը, ինչպես նաև Ազգային ծրագրին միանալու համար Արմավիրի դպրոցներում կարողությունների զարգացումը: Այն ամփոփվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարց ու պատասխանով:












