Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող արմավիրցի ծանրորդները նվաճել են նոր մեդալներ
23.04.2025
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրեր առաջ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող արմավիրցի ծանրորդները նվաճել են նոր մեդալներ։
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի բնակիչ է, երկամարտում գրանցելով 406 կգ արդյունք՝ արժանացել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչման։ Սիմոն Մարտիրոսյանը պոկում և հրում վարժություններում նվաճել է նաև մեկական փոքր արծաթե մեդալ։
Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (Փարաքար համայնք, Բաղրամյան բնակավայր) երկամարտում 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը արժանացել է նաև փոքր բրոնզե մեդալին։
Երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Միլենա Խաչատրյանը, ով Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի բնակիչ է, երկամարտում 226 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Հրում վարժության արդյունքներով Խաչատրյանը դարձել է փոքր արծաթե մեդալակիր։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ։