Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է
06.05.2025

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։
- Առաջին փուլ
Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։
Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.
- հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,
- հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,
- հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:
- Երկրորդ փուլ
Հունիսի 24–ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
- Երրորդ փուլ
Հուլիսի 1-ից հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է:
Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։ Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Հայտագրման մյուս մանրամասները՝ https://escs.am/am/news/28868