Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը և համայնքային ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
07.12.2025
Դեկտեմբերի 7-ին լրանում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 37-րդ տարելիցը: Մարզային ու համայնքային ղեկավարները՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժին հաջորդած օրերին՝ դեկտեմբերի 12-ին, Հայաստանին հումանիտար օգնությամբ լի AN-12 ինքնաթիռի ավիավթարի տեղում վեր խոյացած հուշարձանի մոտ: Հումանիտար օգնությունը սերբ օդաչուների միջոցով բերվում էր Հայաստան: Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով ինքնաթիռի անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել էին։
Գլուխ խոնարհելով ավիավթարի զոհերի հիշատակին՝ մարզպետ Խաչատրյանը նշել է. «1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժը հարված էր Հայաստանի բնակչությանը, այն պարագայում, երբ մեր երկիրը գտնվում էր կառուցվածքային փոփոխությունների շրջափուլում: 37 տարի անց էլ մենք դեռ հիշում ենք մեր հայրենակիցներին, հարգանքի տուրք մատուցում ու գլխահակ ծաղիկներ խոնահում ոչ միայն նրանց, այլ նաև նրանց օգնելու համար զրկանքներ կրած օտարերկրացիներին: Այստեղ է երևում մարդասիրության ու միասնական լինելու հզոր ուժը: Մաղթում եմ, զոհերի հարազատներին ու նրանց սերունդներին ուժ, կորով ու մխիթարություն, իսկ հայ ժողովրդին միասնակություն համազգային խնդիրների լուծման ճանապարհին»:






