Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
09.05.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Մայիսի 9-ը մեր ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ խորհուրդ ունեցող օր է։ Այն միավորում է հաղթանակի, հերոսության, հիշողության և խաղաղության գաղափարները։
Այս օրը մենք խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի առաջ՝ երախտագիտությամբ հիշելով այն հազարավոր հայորդիներին, ովքեր անձնուրաց պայքար մղեցին ֆաշիզմի դեմ և իրենց կյանքը նվիրեցին մարդկության խաղաղ ապագային։ Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունեցավ այդ հաղթանակի կերտման գործում՝ ռազմաճակատ ուղարկելով հարյուր հազարավոր զինվորներ ու հրամանատարներ, որոնց սխրանքները ոսկե տառերով գրվեցին պատմության էջերում։
Մենք հպարտությամբ ենք հիշում հայ անվանի զորավարներին, մեր քաջ զինվորներին, բոլոր նրանց, ովքեր մարտի դաշտում պաշտպանեցին մարդկային արժանապատվությունն ու ազատ ապրելու իրավունքը։
Միևնույն ժամանակ, այս օրը մեզ հիշեցնում է խաղաղության արժեքի մասին։ Պատերազմների ծանր հետևանքները, մեր կորուստներն ու ցավը մեզ պարտավորեցնում են առավել ամուր պահել ազգային միասնությունը, լինել պատասխանատու պետության ու հայրենիքի հանդեպ և ամեն օր աշխատել խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ապագա կառուցելու համար։
Թող հերոսների հիշատակը հավերժ ապրի մեր սրտերում, մեր ժողովրդի ուժն ու միասնականությունը լինեն անսասան, իսկ մեր երկրում ու ամբողջ աշխարհում հաստատվի կայուն և տևական խաղաղություն։


