Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմում
11.05.2026
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երկարաժամկետ դիտորդական առաքելության շրջանակում Հայաստան ժամանած դիտորդներ Կիրան Դալտոնին և Մարգարետա Փրինսին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը։
Ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը կարևորել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործունեությունը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը նպաստում է ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և միջազգային գործընկերների հետ փոխըմբռնման ու արդյունավետ համագործակցության խորացմանը։
Փոխմարզպետը նշել է, որ ընտրական գործընթացների թափանցիկությունն ու ազատ կամարտահայտության ապահովումը պետական կառավարման առաջնահերթություններից են, իսկ միջազգային դիտորդների ներկայությունը կարևոր դեր ունի այդ գործընթացների նկատմամբ վստահության ձևավորման և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արմավիրի մարզում ընտրական գործընթացների կազմակերպման առանձնահատկություններին, համայնքային կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների միջև համագործակցության մեխանիզմներին։






