Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի մարզում
26.05.2026
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է։ Այս տարի այն մեկնարկել է Արմավիրի մարզի Արաքսի Զ. Ավետիսյանի անվան և Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոցներում։
Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները ծանոթանում են Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում պահվող լավագույն հայկական կերպարվեստի ցուցանմուշներին:
Ծրագիրը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար՝ կրտսեր, միջին և ավագ: Կրթական ծրագրերը վարել են Ռուսական արվեստի թանգարանի փորձառու մասնագետները:
Ծրագրի նպատակն է արվեստի և թանգարանային գործունեության ապակենտրոնացման միջոցով նպաստել թանգարանների և կրթական հաստատությունների կապերի ամրապնդմանը, կրթական ծրագրերում հայկական և համաշխարհային արվեստի դասավանդման առավել գործուն, արդյունավետ մեթոդների կիրառմանը, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետաքրքիր գործընթացում անուղղակի ներգրավմանը:
Շրջիկ ցուցադրությունների ձևաչափը կնպաստի մարզային դպրոցների առավել մեծ թվով աշակերտների ներգրավմանն ու մշակութային ժառանգության արժևորմանը:







