Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ

04.10.2026

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ,

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր, որը  ևս մեկ առիթ է, արժևորելու մեր հասարակության բազմազանությունը, ազգային ինքնության պահպանման կարևորությունը և տարբեր մշակույթների խաղաղ համակեցությունը։

Այս օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Արմավիրի մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։
Մեր մարզի ուժը ոչ միայն նրա տնտեսական, մշակութային ու մարդկային ներուժն է, այլև այն համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը, որոնք միավորում են այստեղ ապրող մարդկանց՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, լեզվից ու մշակութային առանձնահատկություններից։

Տարբեր պատմություններ, ավանդույթներ ու մշակույթներ ունեցող, բայց մեկ հայրենիքում ապրող մարդիկ միասին ձևավորում են մեր հասարակության ինքնատիպ նկարագիրը։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր մշակույթով, լեզվով, ավանդույթներով ու աշխարհընկալմամբ հարստացնում է մեր ընդհանուր արժեքային համակարգը։ Այդ բազմազանությունը մեր հասարակության հարստությունն է, իսկ դրա պահպանումն ու զարգացումը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը։

Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց ամենօրյա աշխատանքով, քաղաքացիական ակտիվությամբ, մասնագիտական ձեռքբերումներով և հայրենանվեր գործունեությամբ իրենց կարևոր տեղն ունեն մարզի հասարակական կյանքում։ Նրանց ներդրումն արժանի է գնահատանքի՝ լինի դա տնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի, թե երկրի անվտանգության ոլորտում։

Համոզված եմ, որ մեր ընդհանուր հաջողությունների հիմքում փոխադարձ հարգանքն է, հավասար հնարավորությունները և այն գիտակցումը, որ հայրենիքի զարգացումն ու ապագան բոլորիս պատասխանատվությունն են։ Մեր խնդիրն է շարունակել ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է պաշտպանված, գնահատված և լիարժեքորեն ներգրավված հասարակական կյանքում։

Սիրելի՛ բարեկամներ,
Թող մեր մարզում միշտ պահպանվեն բարեկամության, համերաշխության և փոխըմբռնման ամուր կապերը։ Թող յուրաքանչյուր ընտանիքում տիրեն խաղաղությունն ու բարեկեցությունը, իսկ մեր համատեղ ջանքերը ծառայեն հայրենիքի հզորացմանն ու առաջընթացին։

Շնորհավոր Ազգային փոքրամասնությունների օրը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-16 16:05:31