Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքի «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն
20.10.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Բաղրամյան համայնքում գործող «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն։
Կենտրոնի հիմնադիր Ռուբեն Գալչյանը և տնօրեն Արմինե Խաչատրյանը մարզպետին ներկայացրել են հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա նպատակները։
երկայումս կենտրոնում շուրջ 120 սան անվճար մասնակցում է նկարչության, ասեղնագործության, փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, բատիկայի, կարպետագործության և այլ խմբակների պարապմունքներին։
Ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների համադրմամբ՝ հայ և համաշխարհային արվեստի պատմության վերաբերյալ գիտելիքների փոխանցմամբ։
Դասավանդումը կազմակերպում են ոլորտի լավագույն մասնագետները։
Կենտրոնը, բացի անվճար կրթություն տրամադրելուց, կարևոր դեր ունի նաև համայնքային մշակութային կյանքի աշխուժացման գործում։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, հանդիպումներ ճանաչված արվեստագետների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրեր և փորձի փոխանակման միջոցառումներ՝ ներգրավելով հարակից համայնքների ներկայացուցիչներին։
նդգծվել է, որ կենտրոնում մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվն աստիճանաբար աճում է, այդ թվում՝ մարզի տարբեր համայնքներից։
Կենտրոնի հիմնադիրն ու տնօրենն անդրադարձել են նաև հաստատության հետագա զարգացման ծրագրերին՝ կարևորելով ազգային և ավանդական գեղարվեստական արհեստների պահպանումն ու վերականգնումը, տեղի մշակութային կյանքի զարգացումը և արվեստագետներին ու արհեստագործներին մեկ հարկի տակ միավորող կենտրոն դառնալու նպատակը։
Վահրամ Խաչատրյանը բարձր է գնահատել կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ տպավորված է իրականացվող աշխատանքներով, սաների ստեղծագործական ներուժով և ազգային մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնություններով։ Մարզպետը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կենտրոնի գործունեությանն ու հետագա զարգացմանն ուղղված ծրագրերին։





